«ԷԿՐԱ Կովկաս»-ը մասնակցում է Երևանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման լայնածավալ ծրագրին
«ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ն ներգրավված է Երևանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման կարևորագույն ծրագրերից մեկում՝ իրականացնելով «Կենտրոնական» 110/35/6 կՎ և նոր կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայանների մի շարք աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների ընթացքում Երևանում անխափան և հուսալի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով։ «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ի կողմից իրականացվում են նոր կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի սարքավորումների տեղադրման, մոնտաժման, միացման և շահագործման նախապատրաստման աշխատանքներ։ Ժամանակակից տեխնիկական չափանիշներին համապատասխան կառուցվող ենթակայանը նախատեսված է ոչ միայն COP 17 միջոցառումների ընթացքում էլեկտրամատակարարման հուսալիությունն ապահովելու, այլև հետագայում Կենտրոն վարչական շրջանի և Երևանի նոր կառուցապատվող տարածքների էներգամատակարարման համակարգի զարգացմանը նպաստելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նոր ցածր լարման ենթակայանների կառուցում և համապատասխան էլեկտրական ցանցերի զարգացում։ «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանի արդիականացում Ծրագրի կարևոր բաղադրիչներից է «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանի վերազինումն ու հզորությունների ընդլայնումը։ «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ի մասնագետների կողմից իրականացվում են ենթակայանի էլեկտրական սարքավորումների և համակարգերի մոնտաժման, 35 կՎ և 6 կՎ ցանցերի կառուցման ու միացման, ինչպես նաև ռելեական պաշտպանության և ավտոմատացման համակարգերի տեղադրման և կարգաբերման աշխատանքներ։ Ենթակայանում տեղադրվել է լրացուցիչ՝ 63 ՄՎԱ հզորությամբ երրորդ տրանսֆորմատոր, ինչպես նաև ընդլայնվել է 6 կՎ համակարգը՝ ավելացվել է երրորդ սեկցիան։ Ծրագրի շրջանակներում «Կենտրոնական» ենթակայանից դեպի «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան իրականացվել է շուրջ 1,2 կմ երկարությամբ 35 կՎ օդային և մալուխային գծերի կառուցում և համապատասխան ենթակառուցվածքների արդիականացում։ Աշխատանքների կարևոր ուղղություններից է նաև 6 կՎ ուժային մալուխային ցանցերի կառուցումն ու նոր ենթակայանների մոնտաժումը։ Ժամանակակից տեխնոլոգիաներ և մասնագիտական փորձ «ԷԿՐԱ Կովկաս»-ի կողմից իրականացվող աշխատանքներն ընդգրկում են նախագծային և տեխնիկական լուծումների իրականացում, սարքավորումների մատակարարում և տեղադրում, մալուխային գծերի կառուցում, ռելեական պաշտպանության և ավտոմատացման համակարգերի մոնտաժ, ծրագրավորում, կարգաբերում և փորձարկում։ Ծրագրի իրականացման ընթացքում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և բարձր հուսալիության սարքավորումներ՝ նպատակ ունենալով ապահովել ենթակայանների անվտանգ, կայուն և արդյունավետ աշխատանքը։ Այս լայնածավալ ծրագիրը կարևոր նշանակություն ունի Երևանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման և քաղաքի նոր կառուցապատվող տարածքների էներգետիկ ապահովման համար։ «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ն շարունակում է իր ներդրումը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման գործում՝ ապահովելով մասնագիտական բարձր որակ, տեխնիկական հուսալիություն և ժամանակակից էներգետիկ լուծումներ։ Վստահելով «ԷԿՐԱ Կովկաս»-ին՝ դուք վստահում եք անվտանգությանը, հուսալիությանը և էներգետիկայի կայուն ապագային։